National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.03.2016
Քննարկվել են հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները
1 / 5

Մարտի 25-ին ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը Ավշարի գինու գործարանում կազմակերպել էր «Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Հայաստանում նշանակալի ներդրում ունեցող իտալական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարեկամական խումբն իր ուրույն նպաստն է բերում երկու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանը, իսկ այդ հարաբերություններում մեծ կարեւորություն ունի տնտեսական համագործակցության բաղադրիչը: Նա հատկանշական է համարել այն հանգամանքը, որ երկու հինավուրց ժողովուրդների առեւտրատնտեսական հարաբերություններն ակտիվ են եղել դեռեւս միջնադարում: Այս համատեքստում պարոն Նահապետյանը պատահական չի համարել այն փաստը, որ այսօր Իտալիան եվրոպական երկրների շարքում ՀՀ երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է:

Ողջույնի խոսքում Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին նշել է, որ չնայած հայ-իտալական առեւտրատնտեսական հարաբերությունները բարենպաստ մակարդակի վրա են գտնվում, այդուհանդերձ տնտեսական կապերի զարգացման հարցում դեռեւս չօգտագործված մեծ ներուժ կա: Նա առանձնակի կարեւորել է Հայաստանից արտահանումը խթանելու եւ Հայաստանում իտալական ներդրումներն ավելացնելու անհրաժեշտությունը: Դեսպանի խոսքով` Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը նոր իրավիճակ է ստեղծել իր երկրի ներդրողների համար եւ նրանց համար դեռեւս հստակ չեն համագործակցության հնարավորությունները: Դեսպանը վստահեցրել է, որ նման քննարկումները նոր գաղափարների առաջացման լավագույն հարթակ են ու հնարավորություն:

Թեմայի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը` անդրադառնալով ՀՀ-Իտալիա եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին ու ներկայացնելով օտարերկրյա ներդրողների համար առկա կարգավորումներն ու հնարավորությունները: ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով պարոն Մելքոնյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո եւս Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի առաջնային գործընկերներից: Նա կարեւորել է այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո եւս կարողացավ պահպանել GSP+ համակարգը եւ հավելել, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է այս համակարգից օգտվում: Փոխնախարարը հավելել է, որ ակտիվ վերսկսել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք ամբողջությամբ ներառում են նաեւ առեւտրին ու ներդրումներին առնչվող շրջանակը: Գարեգին Մելքոնյանը խոսել է նաեւ ՀՀ-ԵԱՏՄ տնտեսական իրավակարգավորումներից:

Պարոն Մելքոնյանը ներկայացրել է իտալացի գործարարների համար մեր երկրում ստեղծված տնտեսական պայմաններն ու գործիքները, սահմանված հարկային արտոնությունները: Նա տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտիների կայացման ուղղությամբ եւս աշխատանքներ է իրականացվում, որը հնարավորություն է տալիս հարկային արտոնություններ սահմանել օտարերկրյա ներդրողների համար:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի առեւտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանն իր ելույթում ներկայացրել է ԵՄ վիճակագրական ծառայության տվյալները: Պարոն Ազարյանը Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական համագործակցության մակարդակը գնահատել է կայուն եւ անդրադարձել GSP+ արտոնությունների ընդհանրացված համակարգի հնարավորություններին: Նա մանրամասներ է ներկայացրել նաեւ Եվրամիության արտահանման տեղեկատուի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս գործարարին հասկանալու՝ իր արտադրանքը համապատասխանում է արդյոք GSP+ համակարգի պահանջներին: Նա վստահեցրել է, որ ԵՄ-ն այսուհետ եւս պատրաստ է աջակցել հայ արտադրողին արտահանման ծավալների մեծացման հարցում:

«Հայ-իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի» տնօրեն Լեւոն Իսրայելյանը ներկայացրել է ասոցիացիայի գործունեությունը:

Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների տեսլականի վերաբերյալ իր տեսակետներն է հայտնել նաեւ իտալացի գործարար, «Պոլիտալի» ընկերության տնօրեն Ֆիլիպո Դուցիոնին, ով արդեն երեք տարի է Հայաստանում ծավալում է տնտեսական գործունեություն: Պարոն Դուցիոնին ներկայացրել է «Պոլիտալի» ընկերության գործունեությունը: Նա առաջարկներ է ներկայացրել իտալացի գործարարների համար Հայաստանում բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծման առնչությամբ, անդրադարձել Հայաստանում ներդրումների խրախուսման, Իտալիայում հայ աշխատողների վերապատրաստման խնդիրներին: Նա ընդգծել է, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում եւ հույս է հայտնել, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն, ինչը հնարավորություն կտա զարգացնելու երկկողմ տնտեսական կապերը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ դեռեւս գոհացուցիչ չէ Հայաստան-Իտալիա տնտեսական կապերի զարգացման մակարդակը. կա չօգտագործված մեծ ներուժ: Նրա գնահատմամբ՝ դիվանագիտական կորպուսը պետք է ոչ միայն քաղաքական օրակարգն առաջ մղի, այլ նաեւ՝ տնտեսական: Փոխնախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը նաեւ միջկառավարական հանձնաժողովների ու խորհրդարանական բարեկամական խմբերի մակարդակով:

Քննարկումների ընթացքում զեկուցողները եւ մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ կապերի զարգացման հարցում տնտեսական ոլորտում առկա օրենսդրական բացերի ու խոչընդոտների, ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը նպաստող գործիքների կիրառման, երկու երկրների տնտեսական հնարավորությունների մասով հանրային իրազեկման անհրաժեշտության, հարաբերությունների զարգացումը խթանող գործոնների, Հայաստանում իտալական կապիտալի ներգրավման վերաբերյալ: Առաջարկներ են հնչել մարզերում ուսումնաարտադրական կենտրոններ ստեղծելու եւ երկու երկրների առանձին համայնքների միջեւ կապեր հաստատելու վերաբերյալ, ինչը եւս կարող է խթան հանդիսանալ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ տնտեսական կապերի զարգացման համար: Անդրադարձ է կատարվել իտալերենի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման կարեւորությանը:

Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում կարեւորվել է ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի դերը, որը կապող օղակ պետք է հանդիսանա գործադիրի, օրենսդիրի եւ Իտալիայի գործարար շրջանակների միջեւ:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Կորյուն Նահապետյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին եւ հայ-իտալական հարաբերությունների զարգացման հարցում եւս մեկ անգամ կարեւորել խորհրդարանական բարեկամական խմբի դերը: Նրա կարծիքով` նոր միջոցներ եւ քայլեր են անհրաժեշտ տնտեսական հարաբերությունների սերտացման համար եւ այդ հարցում անհրաժեշտ է միասնական աշխատանք: Բարեկամական խմբի անունից պարոն Նահապետյանը նման քննարկումները շարունակական դարձնելու պատրաստակամություն է հայտնել: Բարեկամական խմբի ղեկավարի գնահատմամբ՝ մեծ ներուժ կա հարաբերությունների զարգացման մակարդակն առավել բարձրացնելու համար:

Քննարկման ավարտին Հայաստանում նշանակալի ներդրում ունեցող իտալական ընկերությունների ներկայացուցիչները հայ-իտալական տնտեսական կապերի զարգացմանը նպաստող գործունեության համար պարգեւատրվել են ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի շնորհակալագրով:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am